ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.04.2024
ՇՄՆ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն և Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը համագործակցության հուշագիր են կնքել

Կներդրվի «Ավիաօդերևութաբանություն» մագիստրոսական ծրագիրը․ ՇՄՆ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն և Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը համագործակցության հուշագիր են կնքել
Հաշվի առնելով  Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորման, ամրապնդման, համալսարան-աշխատաշուկա համագործակցության ընդլայնման, ինչպես նաև հետազոտական աշխատանքներին և ոլորտում հանրային քաղաքականության մշակման գործընթացին աջակցության անհրաժեշտությունն ու հիմք ընդունելով կողմերի գիտատեխնիկական ներուժի միջոցով համատեղ հետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման անհրաժեշտությունն, այսօր ՇՄՆ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն՝ ի դեմս տնօրեն Թաթուլ Հայրապետյանի և Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն՝ ի դեմս դեկան Սարգիս Քելյանի, կնքել են համագործակցության հուշագիր։
Կողմերը համոզված են, որ ուսանողների ներգրավվածությունը կենտրոնի    աշխատանքներին կնպաստի գործնական հմտությունների և կարողությունների ձեռքբերմանը, գիտականորեն հիմնավորված որոշումների ընդունումն անհրաժեշտ հիմքեր կստեղծի դրանց գործնական կիրառման արդյունավետության բարձրացման համար։

Հուշագրի շրջանակում՝

  • կենտրոնում կկազմակերպվեն ուսանողների փորձառություններ, ուսումնական և մասնագիտական պրակտիկաներ,
  • համատեղ կմշակվեն և կիրականացվեն կրթական ծրագրեր այդ թվում կներդրվի «ավիաօդերևութաբանություն» մագիստորսական ծրագիր,
  •  համատեղ կկազմակերպեն մոնիթորինգային աշխատանքներ,
  • կողմերը  համատեղ կմասնակցեն գիտահետազոտական և կրթական աշխատանքներին, տեղական և միջազգային նախագծերին դոնորների հետ բանակցություններ կվարեն և  համատեղ ծրագրային հայտեր կմշակեն,
  • կբարելավվեն ֆակուլտետի լսարանային պայմանները և կիրականացվի լաբորատորիաների վերազինում։