ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.01.2022
Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրենսդրական կարգավորումը

Կառավարության այսօրվա նիստին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մանրամասներ է ներկայացրել սույն թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրենսդրական կարգավորման վերաբերյալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է տվյալ օրենքի բնապահպանական նշանակությունը` հավելելով, որ պոլիէթիլենային բոլոր տեսակի տոպրակները ժամանակի ընթացքում պետք է ընդհանրապես դուրս մղվեն մեր կյանքից։
Շրջակա միջավայր նետված պոլիէթիլենային տոպրակները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով էլ առաջացնում են կայուն աղտոտվածություն՝ անուղղելի վնաս հասցնելով թե՛ մեր շրջակա միջավայրին՝ կենդանական ու բուսական աշխարհին, թե՛ մարդու առողջությանը։
Դեռևս 2020 թվականի ապրիլի 17-ին ընդունվել է «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, համաձայն որի 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում արգելվելու է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը։ 
Օրենսդրական կարգավորումների շրջանակներում բացառություն են կազմում երկրորդային հումքից պատրաստված տոպրակներն ու պարկերը, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու համար։ Դրանց վաճառքն ու իրացումը չի արգելվելու։ 
Տնտեսվարողներն ունեցել են բավականաչափ ժամանակ՝ արդեն իսկ արտադրված պատրաստի արտադրանքի պաշարները սպառելու, արտադրական կարողությունները նոր, ավելի անվնաս հումքատեսակներով աշխատելուն հարմարեցնելու համար։
Օրենքի կիրառման նկատմամբ վերահսկողությունը դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա։
Յուրաքանչյուր ոք, սկսած արտադրողից մինչև վերջնական սպառող պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենա խնդրին և խստագույնս պահպանի ՀՀ օրենսդրությամբ ամրագրված այս սահմանափակումը՝ հանուն մաքուր շրջակա միջավայր ունենալու մեր միասնական նպատակի։