ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.09.2021
Հուժկու պայքարն անտառխախտումների դեմ և կարճ ժամկետներում շեշտակի արդյունքների գրանցումն օրվա հրամայական է

Հուժկու պայքարն անտառխախտումների դեմ և կարճ ժամկետներում շեշտակի արդյունքների գրանցումն օրվա հրամայական է. նախարարը հանդիպել է անտառապետությունների ու անտառտնտեսությունների շուրջ 100 ներկայացուցիչների հետ:
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել անտառապետությունների ու անտառտնտեսությունների շուրջ 100 ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցել են ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահիա պաշտոնակատար Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պ․ Ցուգունյանը և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լ․ Ազիզյանը։
«Նման կազմով ու ձևաչափով քննարկում երբևէ տեղի չի ունեցել, բայց մենք կարծրատիպեր կոտրելու ճանապարհով պետք է գնանք,- ապօրինի անտառհատումների դեմ ծավալվող պայքարի և անտառխախտումների դեպքերի կրճատման ու անտառկառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ աշխատանքային քննարկմանը գործընկերներին ողջունելով նշել է նախարար Պետրոսյանը,- «Հայանտառ» ՊՈԱԿ-ի թիվ մեկ խնդիրն այսօր անտառպահպանությունն է, իսկ առաջնային նպատակը՝ անտառը անտառխախտներից ու ապօրինության ցանկացած դրսևորումից զերծ պահելը։ Այսօրվա ընդլայնված աշխատանքային քննարկումն էլ հենց դրան է միտված՝ վեր հանել օրենսդրական բացերը և գտնել լուծումներ, որոնք կհամապատասխանեն ոլորտի կարգավորման՝ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նոր քաղաքականությանը։
Վերջին շրջանում անտառխախտումների դեպքերի արձանագրման թվի աճ է գրանցվել։ Պատճառներից մեկն էլ այն է, որ նախորդ շրջաններում շատ դեպքերում անտառխախտումների ոչ բոլոր դեպքերն են արձանագրվել կամ փոխանցվել իրավապահ մարմիններին։
«Այսօր կա դրված հստակ պահանջ՝ անտառխախտման ցանկացած դեպք պետք է արձանագրվի և արժանանա իրավապահ համակարգի և տեսչական մարմինների գնահատականին։ Այստեղ մեր կամքն աներեր է, և չի կարող լինել այլ կարծիք։ Անտառապետերն ու անտառապահերը պետք է այս պայքարում կանգնեն մեր կողքին և կիսեն մեր տեսլականը․ միմյանց ձեռք կսեղմենք և նոր ջանքով կշարունակենք մեր պայքարն ու ճանապարհը։ Անհանդուրժող ենք լինելու անտառը սեփական բիզնեսի վերածողների հանդեպ»,- խիստ գնահատականներ է հնչեցրել նախարարը,- Հայաստանում անտառը չի կարող ծառայել անհատների նեղ անձնական շահերին»։
Ելույթներով հանդես են եկել Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ա․ Պետրոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պ․ Ցուգունյանը, ներկայացրել վերջին շրջանում իրականացված աշխատանքների արդյունքների թվային տվյալները։ 2021 թվականին առավել քիչ անտառխախտման դեպքեր գրանցվել են «Ստեփանավանի», «Սևքարի» և «Կապանի» անտառտնտեսություններում, իսկ «Թումանյանի», «Հրազդանի» և «Արծվաբերդի» անտառտնտեսություններում՝ ամենաշատը։
Նախարարն ու անտառտնտեսությունների ղեկավարները հարցուպատասխանի միջոցով քննարկել են գույքագրված խնդիրները։
«Չենք դիտարկելու, չենք լսելու, հաշվի չենք նստելու որևէ հիմնավորման ու արդարացման հետ։ Նախատեսված հատատեղից դուրս որևէ հատված ծառի առկայությունը, չարձանագրված և վերահսկողության բացակայությամբ զուգորդված հատումներն ուղղակիորեն անդրադառնալու են նաև մեր փոխվստահության վրա և արժանանալու են կառավարչական ինստիտուտների հակազդեցությանը։ Հուժկու պայքարն անտառխախտումների դեմ և կարճ ժամկետներում շեշտակի արդյունքների գրանցումն օրվա հրամայական է»,- հանդիպումն ամփոփել է նախարարը։