ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.12.2023
Կգործեն օզոնային շերտի պահպանության նոր կարգավորումներ

Կգործեն օզոնային շերտի պահպանության նոր կարգավորումներ:
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ու Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի եւ դրանց անդամ պետությունների միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ճանապարհային քարտեզով, որն այդ համաձայնագրի ստորագրման արդյունք է, ամրագրված  կանոնակարգով օզոնային շերտը քայքայող նյութերը վերականգնելու պարտավորություններ պետք է սահմանվեն 2024 թվականից, ինչը նշանակում է, որ նոր հասկացությունները պետք է արտացոլվեն «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում: 
Տնտեսվարողների համար սահմանվելու է էլեկտրոնային եղանակով լիազոր պետական մարմին հոսակորուստների (կարգավորվող նյութեր պարունակող կայանքներից (սառնարան, օդորակիչ, ջերմային պոմպեր եւ սառնագենտ (օզոնաքայքայիչ նյութեր) պարունակող այլ սարքավորումներ) դիտանցման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու, ինչպես նաև հոսակորուստների հայտնաբերումից հետո դրանց վերացման պարտականություն:
«Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող լրացումներն ու փոփոխությունները ԱԺ քննարկման է ներկայացրել  Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: 
Նախատեսվում է նաև օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում այդ կայանքներում հոսակորուստների դիտանցման, դրանց արդյունքների հաշվառման կարգի եւ հաշվառման մատյանի ձեւի հաստատման կառավարության լիազորությունը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներով սահմանվում է այն պատասխանատվության միջոցը, որը համարժեք է տնտեսվարողների կողմից հնարավոր իրավախախտման կանխարգելման կամ կիրառման համար, ինչը ուղղված է ոլորտում ծագող հասարակական հարաբերությունների իրավակարգավորմանը: Նշվել է, որ փաթեթի ընդունմամբ կապահովվի գործող ոլորտային ներպետական և Եվրոպական միության ոլորտային օրենսդրության ներդաշնակեցումը:
Նշենք, որ կարգավորումները հիմնականում վերաբերում են սառնարանային տնտեսություններին, որոնց գործունեությունը հանգեցնում է առանձին քիմիական էլեմենտների արտանետումների: