ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.06.2022
Ուսուցողական այց Ֆրանկֆուրտի և Հաագայի առաջատար եվրոպական ֆինանսական կառույցներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Scaling up green finance practices in Armenia» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում սույն թվականի հունիսի 20-ից 24-ը ծրագրի հիմնական շահառուների ներկայացուցիչների մասնակցությամբ «կանաչ» ֆինանսավորման ոլորտում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով ուսուցողական այց է իրականացվել Ֆրանկֆուրտի (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) և Հաագայի (Նիդերլանդների Թագավորություն) առաջատար եվրոպական ֆինանսական կառույցներ` Վերականգնման վարկերի բանկի (KfW) և Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկի (FMO) գլխամասային գրասենյակներ:
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվելու ընթացքում հայաստանյան պատվիրակությունն այցելել է Ֆրանկֆուրտի «Aktiv-Stadthaus» ամենաէներգաարդյունավետ բնակելի շենքը և տեղում ծանոթացել շենքերի էներգաարդյունավետության ոլորտի զարգացմանն ուղղված գործընթացներին, մեխանիզմներին, ինչպես նաև՝ շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցմանը:  
KfW-ում և FMO-ում տեղի ունեցած քննարկումների ընթացքում յուրաքանչյուր կառույցի ոլորտային պատասխանատուների կողմից ներկայացվել են «կանաչ» ֆինանսավորման ծրագրերի երկարաժամկետ ռազմավարության իրականացման իրենց փորձը:
 «Scaling up green finance practices in Armenia» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ 2020 թվականի մայիսի 15-ին: 
Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում բարձրացնել «կանաչ» ֆինանսավորման ոլորտում փորձը և  կարողությունները: 
Մինչ այժմ այս ծրագրի շրջանակներում տեղական և միջազգային փորձագետների կողմից ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետությունում «կանաչ» ֆինանսավորման ոլորտի առկա վիճակը և կարողությունները, միջազգային լավագույն փորձը և վերջինիս տեղայնացման հնարավորությունները, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի լրամշակման հնարավորութունները: