ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.04.2023
Վերապատրաստման դասընթաց լրագրողների համար

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը ապրիլի 14-15-ը Աղվերանում կազմակերպել էր լրագրողների վերապատրաստման դասընթաց «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի «Շենքերի ոլորտում չափողականություն, հաշվետվողականություն և հավաստագրում (ՉՀՀ) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» բաղադրիչի շրջանակում։
Իր ողջույնի խոսքում «ԲԾԻԳ» պետական հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Եսոյանը նշել է, որ ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումների հիմնական նպատակը մեր երկրի՝ ջերմոցային գազերի կրճատմանն ուղղված պարտավորությունների կատարումն է, որտեղ էական է զանգվածային լրատվամիջոցների ներգրավվածությունը հանրային պատշաճ իրազեկվածության տեսանկյունից։
Ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը ներկայացրել է ծրագրի շրջանակները, ընթացքը, իրականացված աշխատանքները: Ծրագրի փորձագետները լրագրողներին իրազեկել են շենքերի էներգաարդյունավետ արդիականացման, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, շենքերի էներգետիկ անձնագրերի, էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգի և այլ թեմաների վերաբերյալ։
Ծրագրով իրականացված և ընթացիկ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ՝ https://mershenq.am/ ։
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համարկարգման ներքո:
Ծրագրի ծրագրի «Շենքերի ոլորտում չափողականություն, հաշվետվողականություն և հավաստագրում (ՉՀՀ) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» բաղադրիչի իրականացման գործընկերն է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը։